Գյումրիի «Շիրակի» և Երևանի «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ArmSport-ի հետ զրույցում կարծիք է հայտնել իր որդու՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի՝ լեհական «Պոգոն» տեղափոխության մասին: 22-ամյա ֆուտբոլիստն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք,3,5 տարվա պայմանագիր է կնքել Շչեցինի «Պոգոնի» հետ:
Վարդան Բիչախչյանի խոսքով, Վահանի կարիերայում արդեն հասունացել էր փոփոխություն իրականացնելու պահը.
«Երևի՝ արդեն ժամանակն էր, որ Վահանի մոտ փոփոխություն լիներ: Գրեթե 4,5 տարի նա «Ժիլինայում» էր: Առաջարկություն եղավ, կողմերը համաձայնվեցին ու տեղափոխությունը կայացավ: Ամեն ինչ կախված է Վահանից: Այստեղ էլ իր համար հեշտ չի լինելու: Պետք է ամեն ինչ անի, որ այստեղ էլ կարողանա հաղթահարել մրցակցությունն ու որակապես է՛լ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել»,- ասում է Վարդան Բիչախչյանը:
Հիշեցնենք՝ «Պոգոնը» հանդես է գալիս Լեհաստանի բարձրագույն դիվիզիոնում: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղից հետո Բիչախչյանի նոր թիմը վաստակած 37 միավորով երկրորդ հորիզոնականում է և 4 միավոր է զիջում առաջատար «Լեխին»: Վահան Բիչախչյանն արդեն միացել է թիմին, որտեղ հանդես կգա 22 համարի մարզազգեստով: