Գյումրեցի մասնագետ Վարդան Բիչախչյանի՝ «Արարատից» հեռանալուց հետո երևանյան թիմի երկրպագուներն է՛լ ավելի անհանգստացած են ակումբի հետագա գործունեությամբ:
Թեև դեռ մրցաշրջանի աշնանային հատվածից խոսակցություններ կային ակումբում առկա ֆինանսական խնդիրների մասին, ըստ որոշ լուրերի «Արարատի» լեգեոներ Յակուբա Սիլուեն հենց այդ պատճառով էր Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի՝ «Փյունիկի» դեմ խաղից առաջ դուրս եկել խաղադաշտ և արտահայտում իր դժգոհությունը, բայց դեռ հույսեր էին պահպանվում, որ բոլոր խնդիրները կկարգավորվեն: Բիչախչյանի հեռանալուց հետո լավատեսական տրամադրվածությունը պահելը դժվար է:
ArmSport-ի հետ զրույցում Վարդան Բիչախչյանը չցանկացավ անդրադառնալ հեռանալու պատճառներին և մանրամասներ հայտնել կայացրած որոշման վերաբերյալ.
«Միայն կարող եմ ասել՝ հարցեր կան, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չեկանք»,— նշեց Վարդան Բիչախչյանը՝ միևնույն ժամանակով ընդգծելով՝ թեմային գուցե ցանկանա անդրադառնալ որոշ ժամանակ անց:
Վարդան Բիչախչյանը, հիշեցնենք, 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»: Նրա գլխավորությամբ ակումբը 13 տարի անց դարձել էր Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարել եվրագավաթներում:
Որոշ լուրերի համաձայն՝ «Արարատից» կհեռանան նաև թիմի առանցքային մի շարք խաղացողներ: