Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, ավանդույթի համաձայն, քվեարկություն է անցկացնում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստին և մարզչին որոշելու համար: Քվեարկությանը մասնակցել է նաև ArmSport-ը.
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի եռյակը՝ մեր վարկածով.
1.Վարազդատ Հարոյան
Թեպետ 2021 թվականի լավագույնների ընտրությունը հեշտ չէր, բայց այս անվանակարգի առաջին հորիզոնականը որոշելիս մեր խմբագրությունը քվեարկել է, գրեթե, միաձայն: Կարծում ենք՝ Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա պաշտպանը միանգամայն արժանի է կարիերայում առաջին անգամ Հայաստանի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուն: Ազգային թիմի կազմում Վատոն մշտապես աչքի է ընկնում նվիրված խաղով՝ փորձելով իր առավելագույնը ներդնել նաև արդյունքի համար. այս տարին ևս բացառություն չէր, ավելին Մխիթարյանի բացակայության պայմաններում հենց Հարոյանն էր կրում մեր թիմի ավագի թևկապն ու այդ դերը կատարում էր հիանալի:
Անհատական կարիերայի տեսանկյունից, ևս, Հարոյանը մեծ քայլ կատարեց անցնող տարում՝ Լա Լիգա տեղափոխվելով: Մինչ այդ նա կայուն և արդյունավետ խաղով աչքի էր ընկնում ղազախական «Աստանայում» ու հասցրեց նաև նվաճել երկրի Գավաթի արծաթե մեդալները, իսկ «Կադիս» տեղափոխվելուց շատ չանցած, կարելի է վստահաբար փաստել, որ Հարոյանը թիմի առաջատարներից մեկն է դարձել:
2. Էդուարդ Սպերցյան
21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի իսկական ձեռքերումներից էր անցնող տարում, ինչն ավելի է կարևորվում հավաքականում սերնդափոխությունը հարթ իրականացնելու տեսանկյունից: Ռուսական «Կրասնոդարի» սանը Ռումինիայի դեմ խաղում նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում և այն նշանավորեց խփած գոլով: Տաղանդավոր ու հեռանկարային խաղացողը հիանալի ներգրավվեց Ազգային թիմի կազմում և ունի բոլոր շանսերը՝ ապագայում թիմի առաջատարներից մեկը դառնալու համար:
Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն արդեն վաստակեց իր տեղը կրասնոդարյան ակումբի հիմնական կազմում: Ճանաչվեց թիմի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև Ռուսաստանի առաջին լիգայի (ՖԱԼ) 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացող:
3. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի ավագն անցնող տարում 7 խաղի մասնակցեց Ազգային թիմի կազմում՝ դառնալով 2 գոլի հեղինակ: Թեև մեր ընտրանին այդ խաղերում հաղթանակ չտարավ, բայց ասել, թե դրանում «մեղավոր է» Մխիթարյանը, իհարկե շատ սխալ կլինի:
Բացի այդ Մխիթարյանը հիանալի անցկացրեց 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Ռոմայում»։ Բացի այն, որ նա լավագույններից մեկն էր գայլերի ոհմակում, նա դարձավ նաև Ա Սերիայի լավագույն ասիստենտներից մեկը: