«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն Sport24-ին տված հարցազրույցում «Ցլերի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին կատարյալ խաղացող է անվանել։
— Այս մրցաշրջանում «Կրասնոդարի» գլխավոր հայտնություններից մեկը Սպերցյանն է։ Դուք անմիջապես հասկացա՞ք, երբ եկաք այստեղ, որ նա կլինի հիմնական կազմի խաղացող:
— «Կրասնոդար-2»-ում նրա խաղը դիտելուց հետո պարզ դարձավ, որ նա շատ լավ խաղային որակներ ունի։ Ավելի ուշ, երբ նրան հրավիրեցին ուսումնամարզական հավաքի, մենք համոզվեցինք, որ այս խաղացողն ամեն ինչ կարող է անել։ Անգամ ափսոսում եմ, որ նա չի խաղացել Ռուսաստանի հավաքականում, թեև Հայաստանում խաղալն իր անձնական ընտրությունն է։ Նա կարող է անել բացարձակապես ամեն ինչ, նա ունի ֆիզիկական որակների հիանալի համադրություն՝ և՛ դիմացկուն է, և՛ արագ: Միաժամանակ նա տեխնիկապես հարուստ է, կարողանում է լավ աշխատել գնդակի հետ, շրջվել, սուր փոխանցումներ կատարել ու ավարտին հասցնել գրոհները։ Նա նույնիսկ ֆուտբոլիստի համար ճիշտ մարմնի կառուցվածք ունի: Ինձ համար նա կատարյալ խաղացող է։ Ես նրա մեջ տեսա Գոլովինին, ով 5 տարի առաջ ԲԿՄԱ-ում էր։ Որոշ առումներով Գոլովինն ավելի լավն է, որոշ առումով էլ՝ Սպերցյանը։
— Անձամբ Ձեզ համար ո՞վ է այս առաջնության գլխավոր երիտասարդ հայտնությունը:
-Դե վերջերս իմացանք, որ գլխավոր բացահայտումը Զախարյանն է։ Իրականում ես շատ զարմացա, երբ Սպերցյանին չգտա «Թոփ հնգյակի» մրցանակաբաշխության ցանկում։ Երբ մարդ լավ վիճակագրություն ունի, 90 րոպե մասնակցում է Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումներին երրորդ տեղում գտնվող թիմում, և նրան չեն ընդգրկում հավակնորդների ցուցակում, դա սխալ է։ Ընդհանրապես, ես չեմ հասկանում այս քվեարկության իմաստը։