Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղը։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է հանգիստ տրամադրել Մխիթարյանին, ինչպես նաև Ռուի Պատրիսիուսին և Քրիս Սմոլինգին։
Այս մասին Մոուրինյուն պատմել է Sky Sport-ին տված հարցազրույցում․
«Գիտենք, թե ինչ դժվարությունների առաջ ենք կանգնում նման մեծ քանակի վնասվածքների պատճառով և գիտենք, որ յուրաքանչյուր խաղացողին, որ հիմա կորցնում ենք, աղետ է։ Մենք սպասում էինք դժվարությունների, բայց COVID-ը, վնասվածքներն ու որակազրկումներն արդեն չափազանց են։
Ամեն դեպքում, մենք պետք է ինչ-որ մեկին հանգստի հնարավորություն տանք։ Ռուի Պատրիսիուն, Մխիթարյանն ու Սմոլինգը մեզ հետ չեն մեկնի ԲԿՄԱ-ի դեմ խաղին»,- ասել է պորտուգալացի մասնագետը։
Corriere della Sera-ն էլ հայտնում է, որ Մոուրինյուն այդ խաղում որոշել է շանս տալ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալին և նրա հայրենակից, կիսապաշտպան Գոնսալո Վիլյարին, որը վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից։
ԲԿՄԱ-«Ռոմա» խաղը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Բուլղարիայի մայրաքաղաքում և կմեկնարկի ժամը 21։45-ին։
























































