ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է լեգենդար բրազիլացի Պելեի ռեկորդը կարիերայում խփած պաշտոնական գոլերի քանակով։
Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Բրյուգեի» դեմ խաղում (4-1) Մեսսին դուբլի հեղինակ դարձավ։ Ըստ RSSSF-ի տվյալների՝ այժմ 34-ամյա արգենտինացին պաշտոնական հանդիպումներում իր ակտիվում ունի 758 գոլ, մինչդեռ Պելեն պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 757 գոլ (ըստ տվյալ ռեսուրսի)։
Այս ցուցանիշով առաջատարն է Ավստրիայի և Չեխոսլովակիայի հավաքականի նախկին հարձակվող Յոզեֆ Բիցանը (805 գոլ): Այս ցուցակում երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 801 գոլով։
Նշենք, որ այս վիճակագրությունը ճանաչված չէ այլ աղբյուրների կողմից: Օրինակ, բրազիլական «Սանթոսում», որի կազմում Պելեն անցկացրել է իր կարիերայի մեծ մասը, վստահ են, որ ֆուտբոլի արքան ընդհանուր առմամբ 1091 գոլ է խփել միայն իրենց ակումբի կազմում:
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 6 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։