Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր ՝ դեկտեմբերի 7-ին, մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունոը:
Հայտավորված են 65 երկրի մարզիկ –մարզուհիներ: Հայաստանը ներկայացնում է տասը ծանրորդ: Արդեն հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամների ելույթների ժամանակացույցը․
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային կարգում առաջինը մեդալների համար պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը: Նա հանդես կգա A խմբում, մրցելույթի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 18:00-ին:
Դեկտեմբերի 13-ին ժամը 15:00-ին Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ուժերը կչափի A խմբում:
Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:
Դեկտեմբերի 15-ին ժամը 18:00-ին 102 կգ քաշում A խմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կփորձեն մեդալներ նվաճել: Կանանց` 81 կգ քաշի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մրցելույթի մեկնարկը կտրվի 15:00-ին:
Դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին 109 կգ քաշում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը:
Դեկտեմբերի 17-ին էլ գերծանր քաշային կարգի ծանրորդների մեջ մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը՝ 15:00-ին: