Իտալիայի առաջնության 15-րդ տուրի տնային խաղում «Լացիոն» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (4-4):
Հյուրերը 17-րդ րոպեին բացեցին հաշիվը, իսկ 32-ին կրկնապատկեցին այն։ Երկու գոլերն էլ խփել է պորտուգալացի հարձակվող Բետուն։ Չիրո Իմոբիլեն կարողացավ 2 րոպե անց մեկ գնդակ հետ բերել։ Սակայն ընդմիջումից առաջ «Ուդինեզեն» ևս մեկ գոլ խփեց: Գոլի հեղինակ դարձավ Մոլինան։
Երկրորդ խաղակեսում Պեդրոն (51-րդ րոպե), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը (56) և Ֆրանչեսկո Աչերբին (79) մեկական գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը: 57-րդ րոպեին «Լացիոն» մնաց 10 հոգով․ Պատրիկը հեռացվեց խաղադաշտից։ Սակայն 69-րդ րոպեին կազմերը հավասարվեցին․ «Ուդինեզեի» կազմում Մոլինան կարմիր քարտ ստացավ։ «Ուդինեզեն» 2-րդ խաղակեսի 9-րդ փոխհատուցված րոպեին Տոլգայ Արսլանի դիպուկ հարվածի շնորհիվ կարողացավ մեկ միավոր բերել հյուրերին։ Ավելացված 10-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ևս մեկ խաղացող՝ երկրորդ դեղին քարտը ստացավ կիսապաշտպան Ուոլասը։
«Լացիոն» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» 16 միավորով 14-րդ հորիզոնականում է։
























































