Երեկ՝ նոյեմբերի 28-ին, կայացավ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ամենամյա «Հայաստանի բաց առաջնությունը», որին Հայաստանի հավաքականից բացի, մասնակցեցին նաև Վրաստանի և Պարսկաստանի հավաքականները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի մամուլի ծառայությունը։
«Պատվավոր առաջին հորիզոնականին արժանանալու համար մարզիկները հաղթեցին 4-6 մենամարտ։ Հատկապես հաջող մասնակցեցին մեր հայ մարզիկները՝ գրանցելով փայլուն հաղթանակներ և դիտարժան մենամարտեր։ 22 քաշային և տարիքային կատեգորիաներում հանդես եկող մարզիկներից 15 ոսկե, 14 արծաթե և 35 բրոնզե մեդալակիրները մեր հայ մարզիկներն էին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, մրցանակային տեղեր զբաղեցրածները կմասնակցեն 2022թ.-ի ապրիլի 1-ից 3-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։