«Բետիսն» ու «Ռոման» աշխատում են Մադրիդի «Ռեալի» 25-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի տրանսֆերն իրականացնելու շուրջ: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերում»:
Աղբյուրը նշում է, որ անձամբ Սեբալյոսը մտադիր է հեռանալ «Ռեալից» արդեն հունվարին՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: «Բետիսն» աշխատում է նրա տեղափոխության շուրջ և «սերուցքայինների» ղեկավարության հետ քննարկում է ֆուտբոլիստի վարձակալությունը՝ հետագա գնման իրավունքով, բայց «Ռեալը» հույս ունի նրան վաճառել մշտական հիմունքներով:
Ֆուտբոլիստի տեղափոխության տարբերակներից մեկն իտալական «Ռոման» է, որը գլխավորում է Ժոզե Մոուրինյուն: Հռոմեացիները հետաքրքրված են միայն վարձակալության տարբերակով և արդեն բանակցություններ են սկսել «Ռեալի» հետ:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերը 20 մլն եվրո է գնահատում: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: