Յոան Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և ամբողջ անձնակազմին, հայտնում է երևանյան ակումբի ամմուլի ծառայությունը։
«Ողջո՛ւյն բոլորին,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին և ողջ անձնակազմին՝ Հայաստանում իմ անցկացրած ժամանակի համար։ Ես միշտ շնորհակալ կլինեմ, որ օգնեցիք ինձ վերադառնալ ֆուտբոլ։
Արդեն 18 տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ և այժմ ցանկանում եմ լինել ընտանիքիս կողքին և, միևնույն ժամանակ, արժանի հանգիստ պարգևել մարմնիս։ Հուսով եմ՝ կհասկանաք ինձ և կհարգեք որոշումս։
Մոտեցել է ֆուտբոլից հեռանալու ժամանակը։Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։ Հայաստանից հեռանում եմ վառ հիշողություններով։ Ես ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք։ Բարձր պահեք դրված սանդղակը և հաղթե՛ք այս տարվա առաջնությունում։
Սա իմ վերջին պարն էր։ Աստված օրհնի բոլորիդ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կիսապաշտպան Յոան Գուֆրանը ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված է եղել վերադառնալ հայրենիք և այս պահի դրությամբ ժամանակավորապես կասեցնել իր ֆուտբոլային գործունեությունը, երեկ հայտնել էր «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը։ Երևանյան ակումբի կազմում Գուֆրանը մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, դարձել է նաև Հայաստանի չեմպիոն։