«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն իր թիմին կոչ է արել թարմացնել իր մեքենան այն բանից հետո, երբ Մաքս Ֆերստապենը հաղթել է Նիդերլանդների Գրան-Պրիում։ Հեմիլթոնը նշել է, որ «Ռեդ Բուլի» թարմացումները սկսել են իրենց արդյունքը տալ։
«Նրանք շատ արագ էին։ Կարծում եմ՝ ամբողջ տարվա ընթացքում սա ամենաբարձր արագությունն է։ Նրանք թարմացրել են մեքենան ու բոլորը տեսան արդյունքը։ Այնպես որ հիմա ժամանակն է, որ մենք ևս աշխատենք։ Պետք է ինչ-որ նոր բան մտցնենք մեր մեքենայում, որպեսզի կարողանանք մրցակցել «Ռեդ Բուլի» հետ։ Կարծում եմ՝ Մաքսը պարզապես վերահսկում էր իրավիճակը»,- Հեմիլթոնի խոսքերն է փոխանցում Racing News 365-ը։
Հեմիլթոնը հիմա 3 միավորով է զիջում Ֆերստապենին ընդհանուր հաշվարկում։ Երրորդ տեղը զբաղեցնում է Մերսեդեսի մեկ այլ ավտոարշավորդ Վալտերի Բոտասը, որը Ֆերստապենին զիջում է 101 միավորով։
Հեմիլթոնն ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել հոլանդացի երկրպագուներին, ովքեր սուլել էին իրեն։