«Բարսելոնան» ցանկանում է նոր պայմանագրեր կնքել թիմի երիտասարդ կիսապաշտպաններ Անսու Ֆատիի և Պեդրիի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆատիին արդեն հայտնել են, որ ակումբը պատրաստ է նրան նոր՝ երկարաժամկետ պայմանագիր առաջարկել, եթե նա ցանկանա։ Անսուին համարում են «Բարսայի» խորհրդանիշը՝ կարճաժամկետ, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում։
18-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է շարունակել ելույթները կատալոնական ակումբի կազմում։ Ի նշան նվիրվածության ակումբին՝ նա վերցրեց 10 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր Լիոնել Մեսսիին։
«Բարսան» լավատեսորեն է տրամադրված, քանի որ գիտի՝ իր սանը ցանկանում է մնալ ակումբում։
Բացի այդ, կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը նաև Պեդրիի հետ։ Գործող պայմանագրում կետ կա այն երկու մրցաշրջանով երկարաձգելու վերաբերյալ, բայց «Բարսան» ցանկանում է նրան 5 տարվա պայմանագիր առաջարկել՝ ցույց տալով, թե որքան է հավատում ֆուտբոլիստին։