«Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի կիսապաշտպան Անսու Ֆատին մոտ է խաղադաշտ վերադառնալ՝ ծնկի վնասվածքի պատճառով մոտ 10 ամիս բացակայությունից հետո։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրը նշում է, որ անցած ամիս ֆուտբոլիստը սկսել է աշխատել գնդակով ու մարզվել ընդհանուր խմբի հետ, սսակայն բժշկական անձնակազմը չի ցանկանում արագացնել նրա վերականգնումը։
Ամենայն հավանականությամբ, Ֆատին խաղադաշտ կվերադառնա Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ տնային խաղում։
Ֆատին 2020 թվականի նոյեմբերին ծնկի ծանր վնասվածք էր ստացել «Բետիսի» հետ խաղում։ Հաղորդվում էր, որ նրա վերականգնման համար 4 ամիս կպահանջվի, սակայն չստացվեց։
Վնասվածքի պատճառով նա բաց թողեց մրցաշրջանի նշանակալի հատվածն ու չկարողացավ մասնակցել նաև Եվրո-2020-ին։
Ֆատին 2019 թվականից է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, իսկ 2020 թվականից հարձակվողը հրավիրվում է Իսպանիայի հավաքական։ Նշենք՝ Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելուց հետո հենց Անսու Ֆատիին է բաժին հասել 10 համարի մարզաշապիկը կատալոնական ակումբում։