Մ-21 տարեկանների Եվրո-2021-ի ընտրական փուլի Հայաստան — Լյուքսեմբուրգ խաղում բեկումնային էր մրցակցի դարպասապահի հեռացումը: 43-րդ րոպեին Արմեն Հովհաննիսյանը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի հետ ու նրան «ստիպեց» կարմիր քարտի «արժանի» խախտում անել:
Խաղից հետո Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Շատ լավ տպավորություններ ունեմ խաղից: Շատ լավ խաղ անցկացրինք: Հուսով եմ՝ մյուս խաղն էլ նույն կերպ կանցկացնենք:
Ես մի պահ տեսա, որ պաշտպանը չի նկատել ինձ՝ իր հետևից վազելիս: Նա ցանկացավ հետ-փոխանցում կատարել դարպասապահին: Հասկացա, որ միգուցե սխալվի, դրա համար էլ մինչև վերջ գնացի: Ստացվեց:
Միանշանակ, մենք ամեն ինչ պետք է անեինք այսօր հաղթելու համար, որ Իտալիայի դեմ ավելի վստահ ու ավելի թիմային խաղանք: Ու այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք: Ցանկության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է», — ասաց հայ ֆուտբոլիստը: