Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցել է «Սալերնիտանայի» հետ և 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ` փոխարինվելով հանդիպման 70-րդ րոպեին։ Այդ խաղում նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ ու նաև զգուշացվեց դեղին քարտով։
Հանդիպման առաջին կեսն ավարտվել է առանց գոլերի, իսկ երկրորդ կեսում հռոմեացիները ցույց են տվել իրենց կարգը։ 48-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին բացել է հաշիվը, 4 րոպե անց Ժորդան Վերետուն Մխիթարյանի փոխանցումից հետո կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ «Ռոմայի» երրորդ գոլը հեղինակել է Թեմմի Աբրահամը՝ 69-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ, իսկ հանդիպման վերջակետը դրել է Պելեգրինին՝ 79-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ։
Այս կերպ, Ա Սերիայի մեկնարկային երկու տուրից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը 6 միավոր վաստակեց, իսկ «Սալերնիտանայի» ակտիվում դեռևս ոչ մի միավոր չկա։