Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 2021/22 մրցաշրջանի առաջին տուրում «Արարատ Արմենիան» հյուրընակվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և վստահ հաղթանակ տարել՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
«Այսօր որակական առումով լավ խաղ չէր։ Թիմը գլխավորելուս օրվանից սա, երևի թե, ամենավատ խաղն էր այս առումով։ Այն ֆուտբոլիստները, որոնք եվրագավաթային խաղերին շատ ժամանակ են անցկացրել դաշտում, կարող են հոգնած լինել, բայց ի՞նչ ասել նրանց մասին, որոնք փոխարինման մտան ու, հիմնականում, քիչ են խաղացել եվրագավաթներին։ Ուրեմն խնդիրն ուրիշ բանի մեջ է։ Պիտի ընդհանուր մոտեցումները վերանայել ու հավաքվել առաջիկա խաղերի համար։ Մի խնդիր էլ այն է, որ կան ֆուտբոլիստներ, որոնց մոտիվացիան բարձր է եվրագավաթային խաղերի համար, բայց առաջնության խաղերի համար՝ ոչ այնքան։ Միանշանակ, պիտի խաղան այն խաղացողները, որոնք պահպանում են բարձր մոտիվացիան բոլոր խաղերում։
Մեր առջև առաջնությունը հաղթելու առաջադրանք է դրված։ Եվրագավաթներում էլ առավելագույնս հաջող հանդես գալ։
Հայկական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, թե ես առաջարկ եմ ստացել գլխավորելու ԲԿՄԱ-ի կանանց թիմն ու այդ պատճառով եմ հեռացել այստեղից, բայց դա իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում։ Ես հեռացել էի միայն ընտանեկան պատճառներից ելնելով և երբ դրանք քիչ թե շատ կարգավորվեցին, ես վերադարձա»,- ասել է Գրիգորյանը։
Մանրամասները՝ ակումբի պատրաստած տեսանյութում։