Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են Ամերիկայի գավաթի անցկացումը, բայց շեշտել են, որ մտադիր չեն հրաժարվել մրցաշարին մասնակցելուց:
«Երբ բրազիլացի է ծնվում, երկրպագու է ծնվում: Մենք այս հաղորդագրությունը գրել ենք ավելի քան 200 միլիոն երկրպագուների՝ Ամերիկայի գավաթի խաղարկության անցկացման վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու համար:
Մենք սերտ կապված թիմ ենք, բայց տարբեր գաղափարներով: Տարբեր պատճառներով՝ մարդասիրական կամ մասնագիտական, մենք դժգոհ ենք Ամերիկայի գավաթի անցկացումից՝ լինի դա Չիլիում, թե նույնիսկ Բրազիլիայում: Բոլոր վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հավատալ դրա իրականացման գործընթացի ոչ ադեկվատությանը:
Կարևոր է ընդգծել, որ մենք երբեք չենք ցանկացել այս քննարկումը դարձնել քաղաքական: Մենք գիտակցում ենք մեր դիրքի կարևորությունը, հետևում ենք այն ամենին, ինչ տպագրվում է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում: Մենք նաև ցանկանում ենք կանխել մեր անունների հետ կապված կեղծ լուրերի տարածումն՝ առանց հավաստի փաստերի: Մենք հիշում ենք, որ մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք: Մենք առաքելություն ունենք, որը պետք է իրականացնենք, երբ կրենք աշխարհի հնգակի չեմպիոնի դեղին և կանաչ մարզաշապիկը: Մենք դեմ ենք Ամերիկայի գավաթին, բայց երբեք չենք հրաժարվի Բրազիլիայի հավաքականում խաղալուց», — ասվում է Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողների հաղորդագրության մեջ, որի տեքստը հրապարակվել է խաղացողների սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Instagram- ում:
Սկզբնապես մրցաշարը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, բայց երկու երկրներն էլ կորցրեցին այդ իրավունքը: Կոլումբիան մնաց առանց մրցաշարի ՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի և կորոնավիրուսի պատճառով: Արգենտինան ևս ունի վարակման ռիսկի բարձր մակարդակ, որի պատճառով մայիսին դադարեցվել են բոլոր ազգային մրցաշարերը: Դրանից հետո որոշվեց Բրազիլիայում անցկացնել Ամերիկայի գավաթը, որին դեմ էին հանդես գալիս ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Տիտեն:
Նախատեսվում է, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 13-ին, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 10-ին: Մրցաշարի մեկնարկային խաղում Բրազիլիայի հավաքականը կխաղա Վենեսուելայի հետ: