Ջերմուկում երեկ մեկնարկել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, հայտնում է շախմատի Հայաստանի ֆեդերացիան: Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:
Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար ՝ 2602 միջին վարկանիշով:
Մրցաշարի մասնակիցներն են գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը:
Երեկ կայացել է մրցաշարի առաջին տուրը, որում Շանթ Սարգսյանը, Տիգրան Հարությունյանը և Դավիթ Պառավյանը հաղթանակներ են տոնել: