«Աստանայի» գործադիր տնօրեն Դավիդ Լորիան Vesti.kz հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է «Կայրաթի» հետ մրցավեճից ստացած տպավորությունների, չեմպիոնական մրցավազքի, տրանսֆերների, նաև Տիգրան Բարսեղյան մասին:
«Ակումբը Բարսեղյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի ստացել: Բայց բանակցություններ ընթանում էին, առաջարկներ եղել են: Բայց պաշտոնական առաջարկի նման բան չի եղել, ինչպես Հարոյանի դեպքում։
Տիգրանը հետաքրքիր է շատ թիմերին, այլ առաջնությունների շատ ակումբներ են հետևում նրան։ Չեմ կարող ասել, թե որ լիգաներից, բայց եթե Տիգրանն այստեղ է, ապա այդ առաջարկները նրան չեն հետաքրքրում, քանի որ նա չի պատասխանում դրանց:
Մենք ցանկություն ունենք պահպել Բարսեղյանին, որպեսզի նա այստեղ խաղա և օգնի մեզ չեմպիոն դառնալ: Դատելով նրա խաղից՝ ես չնկատեցի, որ նա հոգնել էր մեր առաջնությունից: Նա յուրօրինակ տղա է՝ հարավային բնավորությամբ, բայց խաղադաշտում անում է այն ամենը, ինչ իրենից պահանջում են»,- ասել է Լորիան: