Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր այցելել է «Ուրարտուի» մարզաբազա։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակումբի տնօրենի հետ միասին բռնցքամարտիկը շրջել է ակումբի տարածքով, ծանոթացել մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպել ակադեմիայի սաների հետ, պատասխանել նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվել «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։ Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին է հանձնել «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։
Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված է կատարել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթել փոքրիկ դիմակայությունում։