«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներից էր, ասել է, որ նախագիծը չի դադարում գոյություն ունենալ: Հիշեցնենք, որ այս գիշեր Եվրոպական Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին:
«Ակումբների միջև «արյան դաշնագիր» է կնքվել, մենք շարունակում ենք առաջ շարժվել: Այս նախագիծն ունի 100% հաջողություն։
Իհարկե, ես ակնկալում էի հենց այդպիսի արձագանք, և կարծում եմ, որ այն կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ: Բանակցությունները պետք է սկսվեն: Ֆուտբոլն այլևս խաղ չէ, դա բիզնեսի ոլորտ է և ամենից շատ կայունության կարիք ունի: Եվ ներքին մակարդակով նույնպես: Եվրոպայում ամենաթանկ հանդիպումն արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չէ, այլ Անգլիայի առաջին դիվիզիոնի փլեյ-օֆֆը Պրեմիեր լիգայի ուղեգրի համար՝ 150 միլիոն: Սա կայունություն չէ:
Մեզ պետք են երկաթյա տնտեսական և ֆինանսական կանոններ, որոնք նման են Սուպերլիգայում հաստատված կանոններին: Սուպերլիգան, այնուամենայնիվ, կշարունակի գործել: Եթե ՈւԵՖԱ-ն հանդես գա առաջարկներով, մենք դրանք կքննարկենք: Մենք նամակ գրեցինք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին՝ բանակցություններ սկսելու համար», — մեջբերում է Անյելիին Sky Sports-ը՝ հղում անելով la Repubblica-ին: