ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ նախկինում շատ է քննադատության արժանացել:
«Երբ ես խաղում էի երիտասարդական թիմերում, շատերն ասում էին, որ բավականաչափ գոլեր չեմ խփում ու չափազանց շատ եմ ինձ ցուցադրում: Ժամանակակից ֆուտբոլում պետք է գոլ խփել: Իսկ գոլ խփելու համար մշտական պրակտիկա է անհրաժեշտ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մարզումների ժամանակ:
Երբ դուք ներդնում եք բոլոր ուժերը, ոչ ոք չի կարող ձեզ կոտրել: Պետք է հոգեբանորեն ուժեղ լինել ու անել ամեն ինչ, որպեսզի մյուսները հասկանան՝ դուք կարող եք սարեր շուռ տալ: Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, ասում եմ ինքս ինձ, թե ինչ եմ պատրաստվում անել: Ներդնում եմ ողջ ուժերս»,- Մբապեի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի առաջնության 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: