Ճանապարհատրանսպորտային պատահարից մահացել է «Լացիոյի» երիտասարդական թիմի 19-ամյա կիսապաշտպան Դանիել Գերինին։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մեքենայում, որով երթևեկել է Գերինին, եղել է իրեն հասակակից ևս երկու հոգի։ Երկուսն էլ ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց։
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ «Smart» մակնիշի ավտոմեքենան, որով ընթանալիս է եղել ֆուտբոլիստը, դեռևս չբացահայտված հանգամանքներում, ճակատ ճակատի բախվել է «Mercedes»-ին, որի ղեկին 68-ամյա տղամարդ է եղել։ «Mercedes»-ի վարորդը շոկային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Ավտովթարը տեղի է ունեցել մարտի 24-ին Հռոմում տեղի ժամանակով 20:00-ին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգության պատճառները պարզելու համար։
Դանիել Գերինին «Լացիո» էր տեղափոխվել 2021-ի հունվարի 21-ին ու երիտասարդական թիմի կազմում մասնակցել 10 խաղի։
Իտալիայի երիտասարդական հավաքականների կազմում նա 13 խաղի էր մասնակցել։