Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում մնաց առանց օլիմպիական ուղեգրի։ Այս մրցաշարին մեր ընտրանին մասնակցում էր 4 ըմբիշով։
Ուղեգիր նվաճելուն մոտ էր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը սակայն կիսաեզրափակչում 1-10 հաշվով պարտություն կրեց Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեին ու չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։ Այս դեպքում Սլավիկը կապահովեր Տոկիոյի օլիմպիական ուղեգիրը։ Մեր ըմբիշը կգոտեմարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար։
Ավելի վաղ, Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 130 կգ քաշային Դավիդ Օվասափյանը հասել էին մինչև քառորդ եզրափակիչ, սակայն երեքն էլ պարտություն կրեցին։
Այսպիսով, Հայաստանն այս մրցաշարում միայն երկու օլիմպիական ուղեգիր նվաճեցին՝ ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանի և Վազգեն Թևանյանի շնորհիվ։ Իսկ ավելի վաղ՝ 2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հունահռոմեական ըմբիշներից ամառային 32-րդ խաղերի ուղեգրեր էին ապահովել Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը։