Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 1-10 հաշվով ցավալի պարտություն է կրել վրացի Ռամազ Զոիձեի հետ գոտեմարտում․ հաղթանակի դեպքում Գալստյանը Տոկիոյի ուղեգիր կնվաճեր։
Հայ ըմբիշը կպայքարի Բուդապեշտի մրցաշարի բրոնզե մեդալի համար՝ կա՛մ ուկրաինացի, կա՛մ խորվաթ ըմբիշի հետ։
Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր որակավորման փուլում ու 3 հաղթանակ տանելով՝ դուրս եկել կիսաեզրափակիչ։
Նա որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթել էր Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Լիավոնչուկին, 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ առավելության էր հասել ֆրանսիացի Մամադասա Սիլայի նկատմամբ՝ 10:1, իսկ արդեն քառորդ եզրափակչում Գալստյանը ժամանակից շուտ 14:6 հաշվով հիանալի հաղթանակ էր տարել ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի նկատմամբ։