«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի մասին լուրերը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Ֆուլհեմի» հետ խաղից հետո Ստերլինգը և Ֆոդենը դժգոհություն են հայտնել Գվարդիոլայից` քիչխաղաժամանակ ստանալու հետ կապված:
«Սոցիալական ցանցերում կան մի քանի խելահեղ խոսակցություններ… Դա բացարձակ սուտ է: Ինչպես թիմի մնացած անդամները, ես նույնպես անհամբերությամբ սպասում եմ կարևոր շաբաթվան: Բարի գիշեր», — գրել է Ստերլինգը թվիթերում:
Այս մրցաշրջանում Ստերլինգը «Ման Սիթիի» կազմում անցկացրել է 36 խաղ բոլոր մրցաշարերում, խփել 13 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում: 26-ամյա անգլիացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Մարտի 16-ին «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում կխաղա Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, իսկ մարտի 20-ին Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում կմրցի «Էվերթոնի» հետ: