Անգլիայի հավաքականի, «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» նախկին եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը նոր ակումբ ունի։ 31-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով միացել է Ռոտերդամի «Ֆեյենորդին»։
Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նիդերլանդական ակումբի մամուլի ծառայությունը՝ սոցցանցերի իր էջերում։
Ստերլինգի վերջին հանգրվանը Լոնդոնի «Չելսին» էր, որի կազմում նա հանդես էր գալիս 2022 թվականի ամռանից։ Ակումբը հունվարի 28-ին հայտարարել էր անգլիացու հեռանալու մասին։
Հատկանշական է, որ ընթացիկ մրցաշրջանում փորձառու վինգերը խաղադաշտ դուրս չի եկել և ոչ մի հանդիպման չի մասնակցել։
Հիշեցնենք, որ Ստերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 մլն եվրո։




























































