Առաջին խմբում հանդես եկող «Սևան» ՖԱ-ի անդամության կասեցումը չի հանվել։ Այս մասին ArmSport-ին տեղեկացրեցին ՀՖՖ մամուլի ծառայությունից։
«Արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 25-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում որոշվել էր, ի թիվս այլ ակումբների, կասեցնել նաև «Սևան» ֆուտբոլային ակումբի անդամությունը ՀՖՖ-ին:
Հետևաբար, «Սևան» ՖԱ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանի՝ հարցազրույցում նշված խոսքերը «Սևան» ՖԱ անդամության կասեցումը հանելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է պատասխանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սևան» ՖԱ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի բաժնի ղեկավար Խաչիկ Չախոյանը մեզ հետ զրույցում ասել էր հետևյալը․
«Անդամությունից զրկվելու որոշումը կասեցվել է։ Փետրվարի 1-ին Գյումրիում տեղի ունեցած ժողովի ժամանակ (խոսքը արտահերթ ժողովի մասին է՝ հեղ․) «Սևան» ակումբի վրայից այդ կասեցումը հանվել է»։