Մյունխենի «Բավարիան» մտադիր է «Բարսելոնայից» ձեռք բերել թիմի բրազիլացի հարձակվող Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը գոհ է Կոուտինյոյից մրցաշրջանի մեկնարկում և պատրաստ է 120 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը:
Կատալոնական ակումբի հետ պայմանագրով հենց 120 միլիոն է ֆուտբոլիստի հրաժարագինը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայից» «Բավարիա» տեղափոխվեց վարձակալական հիմունքներով: Բրազիլացու հետ մյունխենյան ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Բավարիայի» կազմում Կոուտինյոն 7 խաղի է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
«Բարսելոնայի» հետ Կոուտինյոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: