Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Լոռին» կարծիք է հայտնել առաջնության ձևաչափի փոփոխության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրությունից:
Այն ներկայացնում ենք ստորև․
Հարգելի ֆուտբոլասերներ.
Ինչպես գիտեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ առաջնության վերսկսման և ձևաչափի փոփոխության հետ կապված երկու առաջարկ է ներկայացրել ակումբներին։
Մասնավորապես՝ առաջնության մասնակից թիմերը պետք է ընտրություն կատարեն շարունակել խաղալ հաստատված ձևաչափով, այն է՝ վեց ուժեղագույնների մասնակցությամբ, երկու շրջանով, կամ խաղալ 9 թիմերի մասնակցությամբ՝ մեկ շրջանով։
Լոռի ՖԱ-ն հստակ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ Մեր ակումբը կտրականապես դեմ է ձևաչափի որևէ փոփոխությանը, քանի որ լավագույն վեցնյակ մտած թիմերը մրցանակային տեղերի համար պայքարելու իրենց իրավունքը ձեռք են բերել անհաշտ մրցակցությունում և արդար պայքարում։ Հավատում ենք, որ հետագա պայքարն էլ լինելու է թեժ և առավել հետաքրքիր։ Ուստի կարծում ենք, որ անիմաստ է որևէ փոփոխություն մտցնել առաջնության ձևաչափում և հայտարարում ենք, որ քվեարկելու ենք ՀՖՖ-ի կողմից առաջարկված առաջին տարբերակին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը այս անգամ անցկացվում է այլ ձևաչափով․ մեդալների համար կարող են պայքարել միայն վեցնյակում տեղ գտած թիմերը։
Այս ձևափաչը ֆուտբոլային գործունեություն իրականացնողների մոտ դժգոհություն էր առաջացրել, ինչից ելնելով էլ՝ ՀՖՖ-ն դիմել է ԲԽ ակումբներին։
Հավելենք, որ «Շիրակն» էլ էր դեմ արտահայտվել այդ առաջարկին: