«Ինտերի» սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ մինչև 2022 թվականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրողն Նիկոլո Շիրան «Թվիթերում» կատարած գրառման միջոցով:
35-ամյա Հանդանովիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ինտերում», ուր տեղափոխվել էր «Ուդինեզեից» 15 մլն եվրոյի դիմաց: Կարիերայի ընթացքում նա ընդհանուր առմամբ 588 հանդիպման է մասնակցել, որոնցում 667 գնդակ է բաց թողել և 203 «չոր» հանդիպում է անցկացրել: Նրա գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում 31 գնդակ է բաց թողել՝ 8 խաղում էլ անառիկ պահելով սեփական դարպասը:
Միջազգային հարթակում Սամիրն իր նորամուտը նշել է 20 տարեկանում՝ 2004 թվականին, մասնակցելով Սլովակիայի հետ խաղին (0:0): Հավաքականի հիմնական կազմում նա մինչ այժմ 80 հանդիպման է մասնակցել: