Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանին արդարացրել են. այսօր կայացել է հայ երկրպագուի դատը:
Այս մասին գրառում է կատարվել FAF-ի ֆեսյբուքյան էջում:
«Երվանդին արդարացրեցին: 1-2 օրվա ընթացքում նա կլինի Հայաստանում»,- ասվում է FAF-ի գրառման մեջ:
Երվանդը ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի հերթական տուրի՝ Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումից հետո:
Երկու երկրների երկրպագուների միջև վեճ է ծագել, ու կրքերը հանդարտեցնելու համար հայ երկրպագուն ճայթրուկ է վառել, ինչը պատահաբար վնասել է մրցակցի երկրպագուներից մեկին: Վերջինս խաղից հետո դիմել էր ոստիկանություն և բողոք ներկայացրել Երվանդի դեմ: