Լրագրողների հետ հանդիպման սկզբում «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը նշեց, որ շատ կարևոր է պատանի ֆուտբոլիստների համար փոխհատուցման մշակույթ մտցնել հայկական ֆուտբոլում: Ֆունկցիոները սխալ է համարում, որ ֆուտբոլիստները, որոնց համար ակումբը մեծ ներդրումներ է արել, անվճար հեռանան թիմից:
— Երեկ Արթուր Սողոմոնյանը նշեց տարեկան փոխհատուցման չափ՝ 3000 դոլար:
Ի՞նչ եք կարծում, սա այն գումա՞րն է, որ կկանգնեցնի ֆուտբոլիստների արտահոսքը մի թիմից մյուսը:
— Հայաստանում բոլոր թիմերն ունեն կատեգորիաներ: 1-ին կատեգորիայի թիմերը մի գումար ունեն, 4-րդ կատեգորիայինը՝ մի գումար: Ես հիմա հստակ չեմ հիշում, բայց մենք դրամով ենք ասել: Սողոմոնյանը դրամո՞վ, թե՞ դոլարով է ասել այդ գումարը: Մենք՝ որպես առաջին կատեգորիայի թիմ, կարծեմ, 3000 դոլար ենք նշել: Եթե Սողոմոնյանը նշել է 3000 դոլար, դա լրիվ տրամաբանական գումար է:
— «Արարատ-Արմենիայի» պես թիմի համար դա մեծ գումար չէ, ու դրա դիմաց նա կարող է ձեր բոլոր խաղացողներին տանել:
— Դե, բոլորին չեն տանի (ժպտում է՝ խմբ.): «Արարատ-Արմենիան» դեռ ոչինչ չի ստեղծել: Թիմ հավաքել են, ճիշտ է: Ակումբը, որը ստեղծել է այդ խաղացողին, պետք է նրա համար փոխհատուցում ստանա: