Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Տիգրան Մարգարյան ձյուդոյի և ըմբշամարտի» նորակառույց մարզադպրոցի բացման արարողության պատվավոր հյուրերից էր ՀԱՕԿ նախագահի օգնական, Օլիմպիական խաղերի բորնզե մեդալակիր Ռոման Ամոյանը:
«Ես այս մարզադպրոցի վերանորգման աշխատանքներին հետևել եմ ի սկզբանե: Բոլորիս համար շատ ուրախալի բան է, որ Տիգրան Մարգարյանի նախաձեռնությամբ ու իր ընկերների շնորհիվ հիմնովին վերանորոգված մարզադպրոց է բացվում երեխաների համար», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ամոյանը:
ArmSport.am-ը անվանի նախկին մարզիկից հետաքրքրվեց նաև նրա զարմիկ, Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի ներկայիս վիճակից:
«Մալխասը Եվրոպայի վերջին առաջնությունում չեմպիոն դարձավ, ու մարզչական շտաբը որոշեց, որ նա մասնակցի մեծահասակների Աշխարհի առաջնությանը: Նուր-Սուլթանում նա մի քիչ անհաջող մասնակցեց: Բայց դեռ երիտասարդ է: Ես վստահ եմ, որ միջազգային ասպարեզում նա դեռ իր խոսքը կասի: Ամեն ինչ առջևում է: Որպես մարզիչ՝ ես կցանկանամ բոլորին օգտակար լինել, ոչ միայն Մալխասին: Նա ունի մարզիչներ, ես պարզապես փորձում եմ կողքից օգնել նրան իմ փորձով ու խորհուրդներով»:
Ամոյանը պատմեց նաև, թե Աշխարհի առաջնությունում անհաջողությունից հետո հոգեբանորեն ինչ վիճակում է Մալխասը:
«Ճիշտ է, մարզիկի համար ծանր է, երբ հաղթանակած գոտեմարտն ուղղակի նվիրում են. հոգեբանորեն, բնականաբար, մի քիչ ընկճվում ես: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արդեն հաղթահարել ենք, հիմա նա Արսեն Հարությունյանի հետ հանգստանում է: Հանգստից հետո կվերականգնվի ու պատրաստ կլինի հետագա մրցաշարերին»:
Հռիփսիմե Գալստյան