Խորհրդային միության փլուզումից հետո անկախություն ձեռք բերած երկրներում՝ այդ թվում Հայաստանում, բոլոր ոլորտները պետք է նոր շունչ առնեին։ Դրանից անմասն չէր կարող մնալ նաև ֆուտբոլը։ Պետք է ունենայինք նաև Հայաստանի ազգային հավաքական։
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ ArmSport-ը առաջարկում է վերհիշել մեր Ազգային հավաքականի ստեղծման պատմությունն ու ակումբային ֆուտբոլից հիշարժան կադրեր։
Հայաստանի ազգային հավաքականի պատմությունը սկսվում է 1992 թվականից, ավելի կոնկրետ՝ հոկտեմբերի 14-ից, երբ մեր թիմն ընկերական խաղ անցկացրեց Մոլդովայի ընտրանու դեմ։
Ազգային հավաքականի առաջին գլխավոր մարզիչը դարձավ Խորհրդային Հայաստանի ֆուտբոլային աստղ Էդուարդ Մարգարովը, որն էլ թիմին ուղեկցեց առաջին խաղում։ Լեգենդար «Հրազդան» մարզադաշտում անցկացված խաղում, սակայն գոլեր այդպես էլ չարձանագրվեցին ու այն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Նրանից հետո հավաքականի ղեկը ստանձնեց Սամվել Դարբինյանը, իսկ ավելի ուշ՝ ՈՒԵՖԱ-ի հոբելյանական մրցանակի դափնեկիր ու նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում հավաքականի մարզիչներից շատերն այդ պաշտոնում մնում էին երկու տարուց ոչ ավելի։
Անկախացումից հետո մեր հավաքականի համար որպես հաջող շրջան կարելի է հիշատակել 2006 թվականը, երբ Ազգային թիմը գլխավորեց շոտլանդացի մասնագետ Իան Պորտերֆիլդը, որի օրոք էլ սկսվեցին մեր թիմի հաջող ելույթները Եվրո-2008-ի ընտրական փուլում։ Սակայն մեկ տարի անց` 2007 թվականի սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ քաղցկեղից տառապող Պորտերֆիլդը մահացել է։ Շոտլանդացի մասնագետը, որին բժիշկներն արգելել էին գալ Հայաստան՝ Պորտուգալիայի դեմ խաղին (1-1), չլսելով նրանց եկել էր՝ հավաքականի տղաներին համոզելու, որ իրենք կարող են պայքար մղել մի թիմի դեմ, որին առաջնորդում էր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտերֆիլդը հայ երկրպագուի հիշողության մեջ մնաց որպես անկախ Հայաստանի ամենասիրված մարզիչներից մեկը։
Արդեն այսօր Հայաստանի ազգային հավաքականը վստահվել է իսպանացի հայտնի մասնագետ Խոակին Կապառոսին, որի գլխավորությամբ մեր թիմը դեռևս երկու պաշտոնական հանդիպում է անցկացրել Ազգերի լիգայի մրցաշարում` պարտվելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին (1-2) և հաղթելով Էստոնիայի ընտրանուն (2-0):
Посмотреть эту публикацию в Instagram
Հայաստանի հավաքականը Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների որակավորման փուլերին սկսեց մասնակցել 1996 թվականից։
Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ ԽՍՀՄ անդամ երկրներն անկախացան ու սկսեցին իրենց առաջնությունները, Հայաստանին անհրաժեշտ էր արդեն ստեղծել սեփական առաջնությունը: Երկիրը պատերազմի մեջ էր: Բավականին ծանր իրավիճակում սկսվեց ֆեդերացիայի կազմման գործընթացը: Բոլոր անկախացած երկրները պարտավոր էին ֆեդերացիա ունենալ՝ ՈՒԵՖԱ-ին ու ՖԻՖԱ-ին անդամակցելու համար:
Եվ 1992 թվականի հունվարի 18-ին հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Անկախ Հայաստանի պատմության առաջին առաջնությունը կայացավ 1992թ-ին և բաժանվեց 2 ենթախմբի: Առաջնությանը մասնակցում էր ընդհանուր առմամբ 24 թիմ: Կային նորաստեղծ շատ ակումբներ: Դրանցից մեկը Աբովյանի «Բանանցն» էր: Թիմը ստեղծվեց Սարգիս Իսրայելյանի ջանքերով և անվանվեց վերջինիս հայրենի գյուղի անունով: Ակումբի գոյության պաշտոնական սկիզբ է համարվում 1992 թ-ի հունիսի 20-ը:
Առաջնությունում «Բանանցն» ընդգրկված էր առաջին ենթախմբում ու 22 խաղում վաստակելով 37 միավոր, առաջին հորիզոնականը կիսեց Երևանի «Արարատի» հետ: Առաջատարների ենթախմբում «Բանանցը» 36 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Շիրակին» ու ՀՄԸՄ-ին:
Ակումբային ֆուտբոլում անկախությունից հետո, երևի թե, առաջինը կարելի է հենց հիշատակել «Բանանցի» անունը։ 1992 թվականի մայիսի 28-ին, այն ժամանակ Կոտայքի շրջանի «Բանանց» թիմը հասավ պատմական հաջողության՝ դառնալով անկախ Հայաստանի պատմության առաջին գավաթակիր թիմը: Գլխավոր մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր։ «Հրազդան» մարզադաշտում նրա թիմը 2-0 հաշվով հաղթանակ տարավ ՀՄԸՄ-ի նկատմամբ, որի խաղացող-մարզիչը լեգենդար Խորեն Հովհաննիսյանն էր։
Հայաստանի Գավաթ, եզրափակիչ
Երևան, Հրազդան մարզադաշտ, մայիսի 28, 3347 հանդիսական
«Բանանց» Աբովյան — ՀՄԸՄ Երևան՝ 2:0
Գոլերը՝ Արա Նիգոյան (79′), Աշոտ Ավետիսյան (87′)
Ստելլա Բաբլոյան