Եվրո-2020-ի Հայաստան — Հունաստան (0:1) հանդիպումից հետո Արտակ Գրիգորյանը 2-3 ֆուտբոլիստներից մեկն էր, ով պատասխանեց լրագրողների հարցերին.
«Դժվար հանդիպում էր: Հունաստանը լավ թիմ էր: Մենք խնդիրներ ունեինք՝ կապված կազմի հետ. Հենոն, Սաքոն, Գևը, Կառլենը չկային…: Ամեն դեպքում պայքարեցինք: Սկիզբն էր դժվար. նոր մարզիչ ունենք, բնական է՝ ասածները մի փոքր դժվար էր ընկալվում: Ինձ համար նոր չէ, ես 5 տարի է մարզչական շտաբին ճանաչում եմ: Հասկանում ենք, որ իրենց համար էլ է դժվար: Հավաքականի և ակումբի միջև, ինձ համար էլ, սարերի ու ձորերի տարբերություն է:
Երկրպագուներին շնորհակալություն եմ հայտնում, որ մինչև վերջ մեր կողքին էին»,- ասաց Արտակը:
Մեր կիսապաշտպանը ուշագրավ միտք հայտնեց. «Ես այն հույսով եմ, որ հաստատ լավ է լինելու»:
Լրագրողներին հուզող, թերևս, գլխավոր հարցն այն էր, թե կորուստներով և մի շարք հանգամանքներով արդյո՞ք հնարավոր չէր ավելի լավ հանդես գալ: Գրիգորյանի պատասխանը հետևյալն էր. «Հնարավոր էր, բայց պետք չէ թերագնահատել հույներին, իրենց խաղային ձեռագիրը շատ լավն էր: Բայց հնարավոր էր: Մարզիչն ավելի մասնագիտական կասի, թե ինչը չստացվեց»: