«Մանչեսթեր Սիթիի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրում չի օգնի հավաքականին Մոնտենեգրոյի դեմ խաղում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ 24-ամյա ֆուտբոլիստը զրկվել է խաղի մասնակցությունից հավաքականի մարզչական շտաբի որոշմամբ: Նման քայլի պատճառ է դարձել նրա մասնակցությամբ բախումը, որը տեղի է ունեցել հավաքականի ճամբար ժամանելուց հետո: Ըստ պարբերականի՝ Ստերլինգը, դեռևս զայրացած լինելով նախօրեին «Լիվերպուլի» հետ կայացած խաղում պարտությունից, որոշել է հարաբերություններ պարզել պաշտպան Ջո Գոմեսի հետ, որի հետ տարաձայնություն էր ունեցել առաջնության խաղի ժամանակ:
Միջադեպից հետո Ստերլինգի ներողությունը չի օգնել խուսափել խաղից հեռացվելուց:
Անգլիա — Մոնտենեգրո խաղը կկայանա նոյեմբերի 14-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Երևանի ժամանակով 23:45-ին: