Ինչպես քիչ առաջ տեղեկացրեցինք, Երևանի «Փյունիկի» արդեն նախկին պաշտպան Արմեն Մանուչարյանը հանդես է եկել հրաժեշտի խոսքով.
«Սիրելի երկրպագուներ,
Երկար տարիներ Հայաստանում անցկացնելուց հետո որոշում եմ կայացրել կարիերաս շարունակել արտասահմանում։ Այս որոշումը կայացնելիս բացառապես առաջնորդվել եմ ֆուտբոլային սկզբունքներով։ Կարծում եմ, հասունացել էր պահը, որպեսզի քայլ առաջ կատարեի իմ կարիերայում և ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռոտոր» տեղափոխությունը լավագույն որոշումն էր ինձ համար։ 2016 թվականից հանդիսանում եմ «Փյունիկի» ֆուտբոլիստ և այս 4 տարում «Փյունիկն» ինձ համար հասցրեց դառնալ հարազատ ակումբ։ Միասին անցել ենք անմոռանալի ճանապարհ, որը լի էր հաջողություններով։ Իհարկե, անմասն չմնացինք նաև ձախողումներից, բայց այս ակումբը գիտի, թե ինչպես է պետք հաղթահարել նման իրավիճակները։ Հեռանում եմ՝ վստահ լինելով, որ առանց ինձ նույնպես այս ակումբը կարող է հասնել իր առջև դրված նպատակներին։
Շնորհակալություն Ձեզ խաղադաշտում և խաղադաշտից դուրս՝ մշտապես ցուցաբերած աջակցության համար։ Հուսով եմ, իմ խաղով հուսախաբ չեմ արել Ձեզ։
Շնորհակալություն «Փյունիկի» ղեկավարությանը, որ ոչ միայն չխոչնդոտեց իմ տեղափոխությանը, այլ նաև իր խորհուրդներով օգնեց, որ ճիշտ որոշում կայացնեմ՝ ի շահ ինձ և հայկական ֆուտբոլի։
Առանձնահատուկ շնորհակալություն խաղընկերներիս և բոլոր մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ այստեղ, ինչպես նաև «Փյունիկի» աշխատակազմին, ցուցաբերած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։
Վստահ եմ, որ «Փյունիկը» դեռ շատ կուրախացնի իր երկրպագուներին։ Հաջողություն և հաղթանակներ եմ մաղթում ակումբին»։