«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է թիմի առաջատար խաղացողներին պահելու ծրագրերի մասին, ինչպես նաև կիսվել է իր կարծիքով՝ կապված հաջորդ մրցաշրջանի թիմի կազմի հետ:
«Մենք կանենք հնարավորը, ինչպես միշտ: Ոչ պաշտոնապես մենք արդեն պայմանագիր ենք կնքել երկու ֆուտբոլիստի հետ (Տարեմիի և Զիելինսկիի) հետ, այնպես որ մենք աշխատելու ենք բարելավելու թիմը, որն արդեն իսկ ուժեղ է:
Բայց միևնույն ժամանակ ֆուտբոլում չկան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց չի կարելի վաճառել։ Ակումբներն այլևս չեն վերահսկում իրավիճակը. ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից։
Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մեր բոլոր ֆուտբոլիստները ցանկություն են հայտնել շարունակել աշխատել մեզ հետ, քանի որ «Ինտերը» Եվրոպայի լավագույն թիմերից է։ Ո՞ր ակումբը կարող է ավելի լավ լինել»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Ինտերը» 2023/2024 մրցաշրջանում ժամկետից շուտ դարձավ Ա Սերիայի չեմպիոն՝ առաջնության 33-րդ տուրում հաղթելով «Միլանին»։