Ֆորմուլա-1-ի աշխարհի վեցակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը սոցիալական ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այս ընթացքում ունեցել է մարզումային լավագույն շրջանը։
«Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, իմ միակ ցրվելու միջոցը մարզվելն է ու իմ էմոցիաներն ու էներգիան ուղղվելու այն բանին, որ մարմինս ավելի ուժեղ դառնա։
Սա լավագույն մարզումային շրջանն էր, որը ես երբևէ ունեցել եմ։ Ես չեմ կարող կանգ առնել և ես կանգ չեմ առնելու։ Այս օրերին կարևոր է մնալ ակտիվ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական տեսանկյունից։ Ես ուզում եմ խրախուսել այն բոլոր մարդկանց, ովքեր մարզվում են թեկուզ դա լինի 20 րոպե։ Յուրաքանչյուր փոքր քայլ օգնում է»,-գրել է Հեմիլթոնը։
Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը վերսկսվելու է հուլիսի 3-ին Ավստրիայի Գրան-Պրիով։