«Ենիսեյի» մամուլի ծառայությունը Instagram-ում հայտնել է, որ Ալեքսանդր Տարխանովը կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը: Ակումբը պայմանագիր կստորագրի 65-ամյա մասնագետի հետ մոտ ժամանակներս, նրա՝ Կրասնոյարսկ ժամանելուց հետո:
«Ալեքսանդր Ֆյոդորովիչը բազմիցս փայլուն արդյունքներ է ցուցադրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և հավաքականի մակարդակով: Բացի այդ, նա երիտասարդների հետ աշխատելու մեծ փորձ ունի. հենց նա էր բացահայտել այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են Սերգեյ Սեմակը, Վլադիսլավ Ռադիմովը, Դմիտրի Խոխլովը, Ալեքսանդր Երոխինը, Ֆյոդոր Սմոլովը:
Մենք կասկած չունենք, որ Ալեքսանդր Տարխանովի փորձը օգտակար կլինի Կրասնոյարսկի ակումբի համար. դա ոչ միայն հնարավորություն կտա փորձառու խաղացողներին այլ կերպ գիտակցել իրենց ուժեղ կողմերը, այլ նաև կօգնի տաղանդավոր երիտասարդ խաղացողներին, որոնց վրա հենվում է ակումբը:
Գաղտնիք չէ, որ նրա գլխավորած թիմերը միշտ խաղում են վառ, համակցված և դիտարժան ֆուտբոլ: Մենք հավատում ենք, որ մեր ակումբը ցույց կտա նման խաղ: Մի խոսքով, Ալեքսանդր Տարխանովի նպատակները լիովին համընկնում են գալիք մրցաշրջանում «Ենիսեյի» առավելագույն նպատակների, ինչպես նաև մեր երկրպագուների ցանկությունների հետ», — ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Տարխանովի վերջին ակումբը «Փյունիկն» էր, որտեղ նա աշխատել է նախ որպես գլխավոր մարզիչ, այնուհետև՝ որպես ակումբի փոխնախագահ: Նաև տարբեր ժամանակներում Տարխանովը գլխավորել է ԲԿՄԱ-ն, «Տորպեդոն», «Թերեկը», «Կռիլյա Սովետովը», «Կուբանը», «Խիմկին» և «Ուրալը»:
Նշենք, որ Տարխանովը իր պրոֆեսիոնալ կարիերան որպես ֆուտբոլիստ սկսել է Կրասնոյարսկի «Ավտոմոբիլիստի» կազմում:
ՖԱԼ-ի մրցաշրջանի ավարտին Կրասնոյարսկի ակումբը 20 թիմերի պայքարում գրավել է 14-րդ տեղը: Հիշեցնենք, որ ռուսական ակումբում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։