Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան էջը կազմակերպված հարձակման է ենթարկվել։ Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Ինչպես նշել է թեկնածուն իր ֆեյսբուքյան գրառման մեջ, էջի արգելափակումից խուսափելու և կատարվածը պարզելու նպատակով ստիպված են եղել ժամանակավորապես սահմանափակել դրա հասանելիությունը։
«Մանրամասն ուսումնասիրությունից հետո եզրակացությունը միանշանակ է․ սա պատահական չէր։ Այս գործողությունների հետևում կանգնած է կազմակերպված խումբ»,- հայտարարել է Ջորկաեֆը։
Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ տեղի ունեցածը չի ազդի իր ծրագրերի վրա, և ինքը շարունակելու է հանդիպումները հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների հետ։
«Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի։ Ես եկել եմ Հայաստան՝ հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու հստակ նպատակով։ Շարունակելու եմ հանդիպել ակումբների, մարզիչների, ֆուտբոլիստների և երկրպագուների հետ, լսել նրանց կարծիքներն ու առաջարկները և դրանց հիման վրա ամբողջացնել ու ներկայացնել իմ ծրագիրը»,- ընդգծել է Ջորկաեֆը՝ շնորհակալություն հայտնելով իրեն աջակցողներին։
Ի դեպ, օրեր առաջ սոցցանցերի մի շարք օգտատերեր հայտնել էին, որ Ջորկաեֆն արգելափակել է իրենց ֆեյսբուքյան էջերը, սակայն թեկնածուն այդ հանգամանքի և հարձակման միջև ուղղակի կապ չի նշել։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին։ Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, իր թեկնածության մասին հայտարարել էր նոյեմբերի 23-ին։ Նախագահի պաշտոնում առաջադրվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։




























































