Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հանդես է եկել թիմակից Վինիսիուս Ժունիորի պաշտպանությամբ՝ նշելով, որ բրազիլացի հարձակվողի հասցեին հնչող քննադատությունները չափազանց խիստ են։
Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի շրջանակում նոյեմբերի 24-ին կայացած խաղում մադրիդցիները 5։1 հաշվով վստահ հաղթանակ են տարել ՊՍՎ-ի նկատմամբ։
Հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրել է հենց Վինիսիուսը՝ Բելինգհեմի գոլային փոխանցումից հետո ընդհատելով շուրջ երեք ամիս տևած գոլային դադարը։
Խաղից հետո TNT Sports-ի հետ զրույցում անգլիացի կիսապաշտպանը բարձր է գնահատել բրազիլացու խաղը և ընդգծել այդ գոլի կարևորությունը․
«Կարծում եմ՝ նա հիանալի հանդիպում անցկացրեց։ Երկրորդ խաղակեսում բոլորի խաղամակարդակը զգալիորեն բարձրացավ, իսկ Վինիսիուսը պարզապես ֆանտաստիկ էր։ Թվում էր՝ սա այն հանդիպումներից է լինելու, երբ նրան կրկին չի հաջողվի գոլ խփել։ Գիտեմ, որ նման բաներն այս պահին ծանր են անդրադառնում նրա վրա։ Կարծում եմ՝ բոլորը մի փոքր նրա դեմ են տրամադրված և պատրվակ են փնտրում՝ նրան խիստ քննադատելու համար»։
Բելինգհեմի համոզմամբ՝ Վինիսիուսի խփած գնդակը խաղի լավագույն պահն էր թե՛ ակումբի ու թիմի, թե՛ անձամբ ֆուտբոլիստի համար, քանի որ լիովին արտացոլում էր նրա ցուցադրած որակյալ խաղը։
Հավելենք, որ Վինիսիուս Ժունիորը բարդ մրցաշրջան է անցկացնում․ վերջին շրջանում նա կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, իսկ հոկտեմբերին ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել էր չորս խաղով։ ՊՍՎ-ի դարպասը խփած գնդակը բրազիլացու առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։

























































