Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն դիտարկում է ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Մենդեշին ձեռք բերելու հնարավորությունը, սակայն փարիզյան ակումբը մտադիր է ամեն գնով պահել իր առաջատարներից մեկին։
Իսպանական El Nacional-ի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտան և սպորտային տնօրեն Դեկուն Մենդեշին համարում են ձախ եզրն ուժեղացնելու գլխավոր թեկնածուն։ Կատալոնացիները ցանկանում են արագացնել բանակցությունները և համոզել պորտուգալացուն նոր մարտահրավեր ընդունել Լա Լիգայում, քանի դեռ նա չի երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ։
Սակայն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կտրականապես դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն և արդեն դիմել է ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին՝ խնդրելով շտապ քայլեր ձեռնարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է Մենդեշին առաջարկել տարեկան մոտ 20 միլիոն եվրո աշխատավարձով նոր պայմանագիր՝ նրան դարձնելով թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։
Նշվում է, որ պորտուգալացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ գրանդներ՝ «Բավարիան», «Լիվերպուլը», «Չելսին» և «Արսենալը»։ Միևնույն ժամանակ, Canal+ Foot-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է սկսել իր առանցքային ֆուտբոլիստների՝ Նունու Մենդեշի, Վիտինյայի, Աշրաֆ Հակիմիի և Ուորեն Զաիր-Էմերիի հետ՝ նրանց պայմանագրերը մինչև 2032 թվականը երկարաձգելու նպատակով։
Հիշեցնենք, որ Նունու Մենդեշը ՊՍԺ-ին միացել է 2021 թվականին «Սպորտինգից» վարձավճարով, իսկ 2022-ին փարիզցիները գնել են նրա տրանսֆերային իրավունքները։ 2025 թվականի փետրվարին նա երկարաձգել էր պայմանագիրը մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանի հնարավորությամբ։ Փարիզյան ակումբի կազմում պորտուգալացին դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթն ու սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։
























































