Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» Բերգամոյում իսկական գոլառատ թրիլլեր անցկացրեց «Ատալանտայի» հետ՝ ավարտելով հանդիպումը 4:4 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 77-րդ րոպեին, երբ միլանյան թիմը հաղթում էր 4:2 հաշվով։
Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանի՝ դաշտը լքելուց հետո (նրան փոխարինեց Ալեքսանդար Ստանկովիչը) «ներաձուրիները» չկարողացան պահպանել երկու գոլի առավելությունը։ Մինչ այդ «Ինտերի» կազմում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 76-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի էր ընկել Պետար Սուչիչը։ Սակայն 80-րդ րոպեին Շառլ Դե Կետելարեն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացված ժամանակում Ֆրանկ Կեսիեն 11-մետրանոց հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 4:4։
Հանդիպումից հետո իտալական հեղինակավոր պարբերականները հիմնականում դրական են գնահատել Մխիթարյանի գործողությունները՝ առանձնացնելով նրա փորձն ու խաղը կազմակերպելու ունակությունը․
Il Nerazzurro (6.5 միավոր)․ ընդգծել է հայ ֆուտբոլիստի բարձր որակն ու փորձը կիսապաշտպանությունում՝ նշելով, որ մինչև փոխարինվելը նա խելացիորեն ղեկավարել է թիմի խաղը։
Goal.com Italia (6.5 միավոր)․ բարձր է գնահատել Մխիթարյանի արդյունավետ գործողությունները դաշտի կենտրոնում և խաղային կազմակերպման մեջ նրա ներդրումը։
Tuttomercatoweb (6 միավոր)․ առանձնացրել է մի քանի սուր գործողություններ, մասնավորապես՝ Մարկուս Թյուրամին ուղղված փոխանցումը, որի արդյունքում «Ինտերը» վաստակեց 11-մետրանոցի իրավունք։
Sky Sport Italia (5.5 միավոր)․ հանդես է եկել ավելի զուսպ գնահատականով։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած 77 րոպեների ընթացքում կատարել է 37 փոխանցում, որոնցից 35-ը եղել են ճշգրիտ (95 տոկոս)։ Նրա ակտիվում գրանցվել է 2 առանցքային փոխանցում և 3 ընդհատում։ Միևնույն ժամանակ, հայ կիսապաշտպանը հաղթել է 11 մենամարտից 2-ում, 7 անգամ կորցրել գնդակը և կատարել 3 խախտում։ Հեղինակավոր SofaScore հարթակը նրա խաղը գնահատել է 6.6 միավորով։
Հավելենք, որ «Ինտերն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Չեմպիոնների լիգայում․ նոյեմբերի 25-ին միլանյան թիմը սեփական հարկի տակ կընդունի գերմանական «Շտուտգարտին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։

























































