Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատարներից Հայկ Մարտիրոսյանը ֆանտաստիկ կամային հաղթանակ է տարել հունգարացի անվանի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի նոկաուտ փուլում։
Նոյեմբերի 17-ին կայացած դիմակայության առաջին խաղային օրը շախմատիստներն անցկացրել են 7 պարտիա՝ մրցելով երեք ձևաչափով (4 կայծակնային, 2 արագ և 1 արագ դասական)։ Մեկնարկային հատվածը հայ գրոսմայստերի համար բավականին բարդ է դասավորվել. կայծակնային և արագ շախմատի 6 պարտիաներից հետո Մարտիրոսյանը զիջում էր մրցակցին 3:9 հաշվով։ Իրավիճակը փրկելու համար Հայկին անհրաժեշտ էր հաղթել օրվա վերջին՝ արագ դասական պարտիայում։
Վճռորոշ խաղում հայ շախմատիստը, հանդես գալով սև խաղաքարերով, փայլուն հաղթանակ է տարել տանտերերի ներկայացուցչի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ մրցաշարի յուրահատուկ կանոնակարգով արագ դասական շախմատում հաղթանակը գնահատվում է 8 միավոր (բլիցում՝ 1, արագ շախմատում՝ 4, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ միավորների կեսը), Մարտիրոսյանը ոչ միայն չեզոքացրել է 6 միավորի տարբերությունը, այլև առաջին խաղային օրն ավարտել է ընդհանուր 11:9 հաշվով հաղթանակով։ Մրցաշարի պաշտոնական էջը հայ գրոսմայստերի այս հաջողությունն անվանել է օրվա ամենատպավորիչ քամբեքը։
Նշենք, որ նոկաուտ փուլի յուրաքանչյուր դիմակայություն բաղկացած է երկու խաղային օրից։ Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կողմերը կանցկացնեն պատասխան 7 պարտիաները։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ վճռորոշ խաղային օրը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին։
Հիշեցնենք, որ Հայկ Մարտիրոսյանը խմբային փուլում զբաղեցրել էր C խմբի երրորդ հորիզոնականը, իսկ Ռապորտը նույնպես երրորդ տեղով էր դուրս եկել փլեյ-օֆֆ իր խմբից։

























































