Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբի անդամ և ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանն Առաջին ալիքի «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման շրջանակում անդրադարձել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշմանը, ֆեդերացիայի կանոնադրական փոփոխություններին, պետական աջակցությամբ ֆուտբոլային հիմնադրամ ստեղծելու գաղափարին, մանկապատանեկան ֆուտբոլի համակարգային խնդիրներին և Հայաստանի ազգային հավաքականի իրական ներուժին։
Ստորև ներկայացնում ենք առանցքային հատվածները Գևորգ Ղազարյանի խոսքից.
«Ինձ համար հայկական ֆուտբոլն ինքնին շատ կարևոր է՝ ցանկացած բնագավառում։ Եվ հիմա, երբ եղավ այս առաջադրումը, կարծում եմ՝ այս տեղում էլ ավելի շատ օգուտ կկարողանամ տալ ֆուտբոլին, քան մարզիչ աշխատելով։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու ձգտում կամ մտքեր չեմ ունեցել, բայց երբեք անտարբեր չեմ եղել մեր ֆուտբոլում կատարվող ընթացքների նկատմամբ և նկատել եմ մեր ֆուտբոլի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ուզում ենք փորձել անմիջական ներգրավվածություն ունենալ այդ ամենում, ասել մեր խոսքն ու պատկերացումները, թե ինչպես ենք ուզում լուծել այս խնդիրները, և ներկայացնել դրանք հանրությանը, ակումբներին, երկրպագուներին ու կառավարությանը։
Կարծում եմ՝ ծրագրային առումով խնդիր չենք ունենալու, քանի որ այն առաջին հերթին բխում է հենց թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մանկապատանեկան ակումբների շահերից։ Ինձ համար ևս մի փոքր անհասկանալի էր, թե ինչու այսպես արագ և առանց մեկնաբանությունների կատարվեցին այս պրոցեսներն ու օրենքների փոփոխությունները։ Հետո էլ խնդիրն անձերի մեջ չէ, պետք է տեսնենք, թե ով ինչ է ուզում անել հայկական ֆուտբոլի համար։ Այս տարիների ընթացքում քննարկել ենք հայկական ֆուտբոլի խնդիրները, և Ռոբերտ Արզումանյանն այդ մարդկանցից մեկն էր։ Այո, կան նաև այլ մարդիկ, և այս նախաձեռնությունը հենց դրա մասին է, որ մենք սպասում ենք բոլոր ֆուտբոլային մարդկանց ներգրավմանը այս պրոցեսների մեջ՝ յուրաքանչյուրն իր ուժեղ կողմերով։
Առաջինը՝ պետք է ավելի մասսայական դարձնենք մեր ֆուտբոլը և օգտագործենք մարզերի պոտենցիալը։ Մենք ուզում ենք շատացնել ենթակառուցվածքները մարզերում, և խոսքը մեծ մարզադաշտ կառուցելու մասին չէ, այլ որոշ մարզերում՝ ըստ համայնքների, 100-մետրանոց, իսկ գյուղերի համար՝ 60×40 չափսի դաշտերի մասին։ Բայց միայն մասսայականության վրա չենք հիմնվում. պետք է մեծացնել նաև մարզիչների կրթության մասսայականությունը՝ հենց մարզերի մարդկանց ներգրավել և կրթել, որպեսզի նրանք իրենց գյուղերում ու քաղաքներում կարողանան զարգացնել մեր առաջարկած ծրագրերը, որոնցով պատկերացնում ենք մեր ֆուտբոլի զարգացումը։
Մենք ուզում ենք կազմել ֆոնդ, որը պետք է գործի պետության աջակցությամբ, նրանց հետևողականությամբ և այլ մարդկանց ներգրավվածությամբ, որպեսզի այդ ֆոնդով կարողանանք բավարարել ակումբների կարիքները և գալ համաձայնության, որ նրանք իրականացնեն մեր առաջարկած ծրագիրը։ Մենք չենք պարտադրում, մենք խնդրում ենք, բացատրում և շահագրգռում ֆինանսական միջոցներով, թե չէ պարտադրելու ուրիշ բան չկա։ Պետությունը պետք է իր ուշադրությունը դարձնի ֆուտբոլին և լինի պահանջատերերից ու գլխավոր շահառուն, որովհետև ֆուտբոլի բարօրությունը պետության համար նաև տնտեսական շատ լուրջ հարցեր կլուծի։
Տարբեր տարիքային հավաքականներ մարզվում և խաղում են բավական տարբեր փիլիսոփայությամբ ու սխեմաներով։ Կարծում եմ՝ դա խնդիր է, երբ ֆուտբոլիստը 14 տարեկանում խաղում է մի ձևով, 15-ում՝ ուրիշ ձևով, 16-ում՝ լրիվ այլ ձևով։ Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները պետք է խաղան նույն փիլիսոփայությամբ, և այդ փիլիսոփայությունը պետք է ընտրվի ոչ թե մեկ, այլ երկար տարիների համար։ Նույնը, ինչ նշեցի տարիքային հավաքականների դեպքում, կատարվում է նաև ակումբներում՝ տարբեր մարզիչներ, տարբեր պարապմունքներ, տարբեր ուղղություններ։ Սպորտային տնօրենը և նրա օգնականները պետք է անմիջական ամենօրյա վերահսկողություն ունենան ակումբներում մարզիչների ու ֆուտբոլիստների պարապմունքների նկատմամբ։ Հիմա մեր ֆուտբոլիստներն իրենց առաջին միջազգային մրցաշարը հաճախ խաղում են 16 տարեկանում, և մենք միանգամից շոկ ենք ապրում՝ տեսնելով տարբերությունը։ Պետք է այնպես անենք, որ մեր տարիքային հավաքականները շատ ավելի մանկուց մրցեն եվրոպական երկրների հետ՝ ոչ միայն, օրինակ, Վրաստանի, այլև մյուս երկրների, որպեսզի մենք անընդհատ տեսնենք, թե ինչ մակարդակի վրա ենք։
ԲԿՄԱ-ն իրագործված լավ կետերից մեկն է, և կարծում եմ՝ այս տարիներին արդյունավետ է աշխատել։ Այս ծրագիրը դրա մասին է, որ երիտասարդները նույնպես պետք է շանս ստանան իրենց ակումբներում, բայց մենք պետք է ֆուտբոլիստներին հասցնենք այդ խաղամակարդակին, որ արդեն ասենք՝ ԲԿՄԱ-ի կարիքը չկա։ Սակայն հիմա ԲԿՄԱ-ի կարիքը կա։ Ինչ վերաբերում է Ազգային ստադիոնին՝ այս պահին մենք գիտենք, որ կառավարությունը միջոցներ է հատկացրել, որպեսզի մարզերում ունենանք երկու նոր մարզադաշտ։ Մեծ ստադիոնի կառուցումն այս պահին ես առաջնահերթություն չեմ համարում, քանի որ այդ գումարներն այժմ մեզ ավելի հարկավոր է ուղղորդել դեպի մեր մանկապատանեկան ֆուտբոլը՝ դեպի մեր ապագան։
Չհաղթեցինք Կիպրոսին, չհաղթեցինք Լատվիային. ես չեմ ցանկանա հիմա իմ մարզչական կարծիքը հայտնել խաղի մասին, բայց կարծում եմ՝ մեր թիմն ունի ավելի մեծ պոտենցիալ և հիմա ևս կարող էր հաղթել։ Այս փուլում, կարծում եմ, այս հավաքականը կարող էր հաղթել խմբում, կարող էր հաղթել մեզ նման մյուս խմբի հաղթող թիմին և հայտնվել Եվրոպայի առաջնությունում, բայց սա ցույց չէր տալու, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դրա համար մենք ասում ենք, որ պետք է ստեղծենք հիմքեր, կատարենք երկար տարիների շարունակական աշխատանք, որպեսզի ունենանք կայուն և մշտապես մրցունակ հավաքական։ Հիմա մենք մեր հավաքականից սպասում ենք արդյունք, բայց կայունություն չկա։ Պետք է հույսը չդնենք համընկնումների վրա, պետք է ունենանք ոչ թե, օրինակ, 35 խաղացող, այլ 100 խաղացող։ Պետք է այնպես չլինի, որ միայն Էդուարդ Սպերցյանը միշտ պատրաստ լինի. պետք է լինի ոչ թե մեկ Էդուարդ Սպերցյան, այլ մի քանի Էդուարդ Սպերցյաններ»,- նշել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։
Նոյեմբերի 10-ին Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հաստատել էր իր առաջադրման որոշումը, իսկ օրեր անց նրա նախաձեռնությանը միացել էր նաև Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը։


























































