ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է եվրոպական ֆուտբոլային գլխավոր կառույցի մամուլի ծառայությունը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Դիալոն ստացել է ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեում և ՖԻՖԱ-ի խորհրդում ներկայացված ազգային ֆեդերացիաների աջակցությունը։
«ՖԻՖԱ-ի որդեգրած ուղեգծի շուրջ առկա լուրջ մտահոգությունների ֆոնին ազգային ասոցիացիաները կոչ են արել վերականգնել միասնությունն ու վստահությունը համաշխարհային ֆուտբոլային հանրությունում։
Նրանք նաև կոչ են արել ստեղծել այնպիսի ՖԻՖԱ, որն աշխարհի բոլոր տարածաշրջաններում ֆուտբոլի զարգացումը կդարձնի իր առաքելության հիմքը, կառաջնորդվի կառավարման բարձրագույն չափանիշներով և սերտորեն կհամագործակցի իր անդամ ասոցիացիաների, կոնֆեդերացիաների ու ֆուտբոլային հանրության բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Ազգային ասոցիացիաներն իրենց լիակատար վստահությունն են հայտնել Ֆիլիպ Դիալոյին՝ հույս կապելով, որ նա կապահովի այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնորդությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Դիալոյի թեկնածությունը նոյեմբերի 17-ին վերջնականապես պետք է հաստատի Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան, թեև համարվում է, որ դա զուտ ձևական քայլ է։
Նախկինում Դիալոն գլխավորել է ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների շահերը ներկայացնող կազմակերպությունը, ընդգրկված է եղել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայի տնօրենների խորհրդում, ինչպես նաև աշխատել է ՖԻՖԱ-ի՝ վեճերի լուծման կառույցում։ 2023 թվականին նա ստանձնել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
Այսպիսով, Դիալոն կհամալրի ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների ցանկը, որում արդեն ընդգրկված են Ջանի Ինֆանտինոն, Ռամոն Վեգան և Կոզո Տասիման։ Թեկնածուների առաջադրման գործընթացը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը, իսկ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան կազմակերպության կոնգրեսի ընթացքում՝ 2027 թվականի մարտին։




























































