Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը միացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած՝ մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի օգնական Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը։
Ղազարյանն իր էջում համատեղ տեսանյութ է հրապարակել Էջմիածնի լքված մարզադաշտից, որտեղ նրանք համապարփակ անդրադարձել են հայկական ֆուտբոլի համակարգային խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին։
Տեսանյութում Ղազարյանը նշել է, որ չնայած «Արարատ-Արմենիայում» մեկնարկած հաջող մարզչական կարիերային՝ երկրպագուների հետ հանդիպումից հետո որոշել է առաջադրվել, քանի որ համոզված է՝ Արզումանյանի և համախոհների հետ կարող է միավորել ֆուտբոլային հանրությանը։ Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին՝ նախկին ֆուտբոլիստներն ընդգծել են մարզային ենթակառուցվածքների գրեթե իսպառ բացակայությունը․ Հայաստանի շուրջ 2 միլիոն մարզային բնակչության պայմաններում Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մի շարք հատվածներում չկա որևէ տաքացվող դաշտ կամ փակ մանեժ, ինչի հետևանքով երեխաները զրկված են ֆուտբոլով զբաղվելու հնարավորությունից։
Նրանք նաև փաստել են, որ մասսայականության ցածր ցուցանիշներով (Հայաստանում ֆուտբոլով զբաղվում է մոտ 10 հազար մարդ՝ ի տարբերություն, օրինակ, ավելի փոքր բնակչություն ունեցող Իսլանդիայի կամ Ալբանիայի բազմապատիկ բարձր տվյալների) անհնար է մրցունակ լինել նույնիսկ փոքր երկրների հետ, ինչի վկայությունն են Մ17 և Մ19 հավաքականների վերջին խոշոր հաշվով պարտությունները։ Ըստ Ղազարյանի և Արզումանյանի՝ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է համախմբված աշխատանք, պետության անմիջական միջամտություն և հստակ ծրագիր, որն իրենք արդեն ունեն և առաջիկայում կներկայացնեն ավելի մանրամասն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը, ինչից հետո՝ նոյեմբերի 10-ին, Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հաստատել էր իր առաջադրման որոշումը։
Գևորգ Ղազարյանի և Ռոբերտ Արզումանյանի տեսանյութը՝ ստորև․




























































